17 հունվարի 2018 - 17:46 AMT
Գուտերեշ. ԼՂ կարգավորումը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018թ. առաջնահերթություններից է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ՝ անդրադառնալով 2018-ին ՄԱԿ-ի գործունեության 12 առաջնահերթ ուղղություններին:

Նա հավելել է, որ հարկավոր է գիտակցել, որ խաղաղությունն անորսալի է, հայտնում է Panorama.am-ը։

«Պետք է դիմակայել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդական ձևաչափին», Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ շփման խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի գծով միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

«Նոր վտանգներ են ի հայտ եկել։ Սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի վերաբերյալ գլոբալ մտավախություններն ավելի են շատացել։ Մենք նաև մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների ականատես ենք լինում։ Ազգայնականության, ռասիզմի և այլատյացության միտումներն աճում են»,-ասել է Գուտերեշը ։

Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը նշել է, որ հարկավոր է հակամարտության հարցում քաղաքական կարգավորման հասնել։