17 հունվարի 2018 - 14:44 AMT
2018-ին դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրով մոտ 200 շահառու կներառվի

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության տրամադրման ծրագիրը 2018-ին կմեկնարկի: 2018թ. պետական բյուջեով նախատեսված է տարվա ընթացքում ծրագիրն իրականացնել մոտ 200 շահառուի համար: Ծրագիրը կմեկնարկի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո:

ՀՀ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 6-ին ընդունվել էր ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով, ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Աջակցության տրամադրման ծրագրով հնարավորություն կտրվի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող հաստատության միջոցով:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն, (+374 10) 28-06-55 հեռախոսահամարով:

Ծրագրով ենթադրում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու հնարավորություն ստեղծել` նախատեսվում է փոխհատուցել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է

Օրինագիծը մշակելիս կառավարությունը ուսումնասիրել է եվրոպական մի քանի երկրի փորձը, մասնավորապես, Ֆրանսիայի փորձը, որին հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: