9 փետրվարի 2018 - 19:04 AMT
Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ ԱԱ գավաթի այցը Երևան ավարտվել է. Տպավորություններ ու հիշվող պահեր

Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային իսկական տոն էր՝ առաջին անգամ մայրաքաղաք էր բերվել ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը, որն արդեն 4-րդ անգամ աշխարհով մեկ շրջագայում է Կոկա-Կոլա-ի հետ: Այս շրջագայությունները ֆուտբոլասերներին բացառիկ հնարավորություն են ընձեռում՝ մոտիկից տեսնելու և լուսանկարելու ֆուտբոլի ամենանշանավոր գավաթի ոսկե բնօրինակը:

Երևանում Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը մեկնարկեց մամուլի ասուլիսով, որի մասնակիցներն առաջինը Գավաթը մոտիկից տեսնելու հնարավորություն ստացան:

«Շատ ուրախ ենք, որ Գավաթն այսօր առաջին անգամ Երևանում է: Այս շրջագայությունը լավ առիթ է նախապատրաստվելու ամռանը մեզ սպասվող ֆանտաստիկ առաջնությանը, որն ի դեպ նույն արժեքներով է ոգեշնչված, ինչ մեր ընկերությունը, այն է՝ մարդկանց միավորել, երջանկություն տարածել և ավելի լավ ապագայի տեսլական ներշնչել»,- իր ողջույնի խոսքում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սփեքը՝ օրը պատմական որակելով:

Ոսկե մրցանակն ուղեկցող ՖԻՖԱ և «Կոկա-Կոլա Ընկերության» պատվիրակության կազմում էր նաև 1998 ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն, սիրված ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, ով ասուլիսի ավարտին Գավաթը դուրս բերեց ֆուտբոլասերների համար Ազատության հրապարակում հանրային ցուցադրության:

Ավելի ուշ՝ երեկոյան, ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությունն էր, որի ժամանակ Քրիստիան Կարամբյոն Գավաթը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, և այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ», - իր ելույթում նշեց նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով գաղափարի հեղինակներին և իրականացնողներին:

Փետրվարի 8-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը Կոկա-Կոլա-ի հատուկ չարթերային ինքնաթիռով Երևանից ուղևորվեց Թբիլիսի:

«Կոկա-Կոլա Ընկերության» պատվիրակությունը գլխավորող Թուրքիա, Կովկաս, Կենտրոնական Ասիա տարածաշրջանների նախագահ Եվգենիա Ստոիչկովան այցի տպավորություններն ամփոփելիս նշեց՝ ամենատպավորիչը մարդկանց ժպիտներն ու ջերմ հյուրասիրությունն էր:

«Շատ ուրախ ենք Երևանում Գավաթի շրջագայության արդյունքներով՝ ոգևորված ֆուտբոլասերների բազմությամբ և ասուլիսին մասնակցող լրագրողների հետաքրքրությամբ: Մեզ համար մեծ պատիվ էր նաև հյուրընկալել երկրի նախագահին, որի ուղերձում վառ երևում էր ֆուտբոլի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը», - նշեց Եվգենիա Ստոիչկովան:

Երևանից հեռանալիս Քրիստիան Կարամբյոն ընդգծեց Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության կարևորությունը:

«Այն ոչ միայն երիտասարդ ֆուտբոլասերներին ոգեշնչելու և սպորտով զբաղվողների քանակն ավելացնելու առումով է կարևոր, այլև ֆուտբոլի արժեքները՝ դիմացինի նկատմամբ հարգանքը, արդար խաղը, խտրականության բացակայությունը, տարածելու և իհարկե Ֆուտբոլի գալիք առաջնությունը խթանելու հնարավորություն: Գավաթը Երևան բերելով, կարծում ենք՝ կարողացել ենք որոշ չափով իրականացնել այն ֆուտբոլասերների երազանքը, որոնք հնարավորություն չեն ունենա մասնակցելու Ռուսաստանում կայանալիք առաջնությանը: Գավաթը նրանց մոտ բերելով և ցուցադրելով, կարծում եմ՝ ոգեշնչում ենք նրանց և օգնում հասնել երազանքներին», - ասաց ֆուտբոլիստը՝ Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականի անդամներին կրկին մաղթելով մեկ օր Գավաթը բարձրացնելու հնարավորություն ունենալ:

2018-ի ամռանը սպասվող ՖԻՖԱ Աշխարհի առաջնությանը նախորդող շրջագայությունը մեկնարկել է 2017-ի սեպտեմբերին՝ Մոսկվայում: Մինչև դեկտեմբեր այն ՌԴ-ում էր, իսկ հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկեց շրջագայության երկրորդ փուլը և Գավաթն ուղևորվեց դեպի 50 երկիր: Մայիսին Գավաթը հետ կվերադառնա ԱԱ-ն հյուրընկալող Ռուսաստան՝ մինչև այդ 91 քաղաք այցելելով: Մինչև ՀՀ հասնելն այն արդեն եղել է Լաոսում, Տոնգայում, Շրի Լանկայում և այլ երկրներում: