12 փետրվարի 2018 - 10:32 AMT
Հայտարարություն. ԵԱՀԿ ՄԽ-ում մտահոգված են շփման գծում զոհերով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։

Հայտարարության մեջ համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում, որը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա. այն ներառում է ուժի կիրառումը բացառելու սկզբունքի, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

Համանախագահները ողջունել են նաև կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով երկրներում ընտրական շրջանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ։