12 փետրվարի 2018 - 15:38 AMT
ՀՀ նախագահ. Քանի Բաքվում զառանցում են Երևանը գրավելու մասին, ԼՂ խնդրի լուծման հույս չկա

Քանի դեռ Ադրբեջանում շարունակում են մնալ անուրջների գրկում, զառանցում են Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, Հայաստանը որևէ հույս չի կարող տածել, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառներին՝ նա ասել է. «Կարծում եմ, տեղյակ են և՛ երկրի ղեկավարը և՛ մի քանի անհատներ և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ», հայտնում է Aysor.am-ը։

«Չեմ հավատում, թե հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու։ Նախկինում՝ նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ», - հայտարարել է նախագահը։

«Բազմաթիվ անգամ հայտարարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: Բայց, ցավոք, մեր ասածները դեռ մնում են ցանկություններ», - ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանական ԶԼՄ-ները աղավաղում են Բուլղարիայի պաշտոնական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, նախագահն արձագանքել է.«Ես պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: Հասկանում եմ, թե ինչու է ձեզ մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Բուլղարիայի նախագահը երբ նախորդ տարվա աշնանն Ադրբեջանում էր, Ալիևը շնորհակալություն հայտնեց նրան Բուլղարիայի դիրքորոշման համար։ Ես հո գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է, իսկ մենք պրովակացիաների չենք ենթարկվում, մենք վստահում ենք մեր բարեկամներին»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

Ընթերցեք նաև.«Վզգլյադ». Ինչու է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» միֆը