Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 5%-ով: Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալների համաձայն ՝ եկամուտների մասով տարբերությունն ավելի մեծ է՝ 40%:
Գործատուների 82%-ը և ինքնազբաղվածների 56%-ը տղամարդիկ են: Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 54,3% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 72,6%:
Կանանց ներկայացվածությունը նախարարների կաբինետի կազմում 7% է, փոխնախարարների թվում կանայք 6,2% են կազմում, մարզպետների՝ 0%, համայնքների ղեկավարների թվում՝ 2,1%, ավագանու անդամների կազմում՝ 9,7%, որից Երևանի ավագանու կազմում՝ 15,4%: Ազգային ժողովի կազմում կին պատգամավորներն ընդամենը 18% են կազմում:
Տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2015թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին:
Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 18%-ը կամ զբաղվածների 35%-ը, որոնց թվում կանայք կազմում են 54%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից: