16 փետրվարի 2018 - 12:57 AMT
Թաթարստանը 1 մլն լիտր հայկական կոնյակ կգնի

ՌԴ թաթարական «Տատսպիրտպրոմ» ընկերությունը 1 մլն լիտր կոնյակի դիստիլյատ կգնի Հայաստանից:

Համապատասխան թենդերը տեղադրվել է պետգնումների կայքում: Խոսքը 100.000 դեկալիտր կոնյակի դիստիլյատը Կազան տեղափոխելու մասին է: Թենդերի հաղթողը կմատուցի ծառայությունը 2018-ի ընթացքում: Պայմանագրի գինը 26 մլն ռուբլի է, ասվում է «Թաթար-ինֆորմ »-ի հաղորդագրության մեջ:

«Հայկական կոնյակը համընդհանուր ճանաչում ունի, առնվազն, ԱՊՀ երկրներում այն ամենասիրվածներից է: Հայաստանը պահպանել է կոնյակի արտադրության ավանդույթները: Չնայած, որ ֆրանսիացիները պնդում են, թե կոնյակ միայն իրենց արտադրանքը կարող է կոչվել, վերջին 20 տարում այդ տերմինը ոչ պակաս հարազատ է դարձել նաև մեզ համար: Շատ նորմալ արտադրանք է»,-ասել է ՌԴ Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային հետազոտությունների «Ցիֆրա » կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը:

2017-ին արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 % աճ:

2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը 2016 թվականի համեմատ աճել է 39,4%-ով:Ազգային վիճակակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ՝ 2016թվականի 21,5 մլն -ի դիմաց: