16 փետրվարի 2018 - 13:30 AMT
«Պոբեդան» թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստով-Գյումրի չվերթով

«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը:

Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիրականացվի նաև Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ:

Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: