16 փետրվարի 2018 - 16:03 AMT
«Բելավիան» մտադիր է վերսկսել Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է 2018-ի մարտի 25-ից վերսկսելշաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթները: Այդ մասին ասվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հանդիպմանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Գլխավոր վարչության պետը ողջունել է չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման և թռիչքների հաճախականության ընդլայնման, ինչպես նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հեռանկարները,հայտնում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Դեսպան Նազարուկն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում:

Հանդիպումը եզրափակվել է հետագա համագործակցության պայմանավորվածությամբ: