16 փետրվարի 2018 - 16:57 AMT
ՀՀ-ում բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ կներդրվի

Առաջիկայում Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները։

Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։

Կառույցը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերն արագ և արդյունավետ լուծելուն, հայտնում է առողջապահության նախարարը:

Մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այն ներկայացվել է շահագրգիռ մարմիններին, դրվել շրջանառության մեջ։ Հայեցակարգը նաև տեղադրվել է e-draft կայքում, ապա, սահմանված ժամկետում, ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Հայեցակարգի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար։ Արդյունքում, առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ` ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը: