17 փետրվարի 2018 - 11:27 AMT
Երևանյան ակումբներից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքին

Երևանյան The Basement դիջեյ բարում այսուհետ չեն ծխելու: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ակումբի սեփականատեր Շանթ Գոչեանը:

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի ընդունմանն ընդառաջ, և ակումբասեր հասարակությունը ողջունել է այդ որոշումը:

Ավելի վաղ ծխելն արգելեցին երևանյան Epicure գաստրոփաբում: Փետրվարի 7-ին գաստրոփաբում անցկացվեց ծխելու դեմ ուղղված հատուկ միջոցառում, որից հետո ժամանցի վայրն անցավ չծխող ռեժիմի:

«Ծխողների համար առանձին հատված ենք հատկացրել, բոլորն այնտեղ են գնում ծխելու, իսկ պարահրապարակում վայելում են մաքուր օդն ու երաժշտությունը: Այնքան լավ մթնոլորտ է, բոլորը հաճույքով ուրախանում են և հանգիստ դուրս գալիս ծխելու: Մարդիկ շատ հանգիստ ընդունեցին մեր այս որոշումը»,- նշեց Շանթը:

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։

Ընթերցեք նաև. Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին. Չենք տուժի, եթե արտոնյալներ չլինեն