17 փետրվարի 2018 - 13:53 AMT
Իսթվուդի ֆիլմը Փարիզի գնացքում կանխված ահաբեկչության մասին. Ինչպես փրկեցին վիրավոր հային

Ռեժիսոր Քլինթ Իսթվուդը նկարահանել է «15:17 Փարիզ» (The 15:17 to Paris) ֆիլմը 3 ամերիկացու մասին, որոնք 2015-ին կարողացել են Ամստերդամ-Փարիզ գնացքում վնասազերծել ահաբեկչին: BBC-ին մանրամասներ է ներկայացրել ֆիլմի, ահաբեկչության, ինչպես նաև ահաբեկչությունը կանխածներից մեկի՝ ֆրանսահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանի մասին:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկացի ահաբեկչին, որն իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին:

3 ամերիկացու՝ Սփենսեր Սթոունի, Ալեքս Սկարլատոսի և Էնթոնի Սենդլերի հետ Իսթվուդը ծանոթացել է 2016-ին, երբ նրանց էր հանձնում Spike հեռուստաալիքի հատուկ մրցանակը:

2015-ի օգոստոսի 21-ին Եվրոպայում արձակուրդն անցկացնող ամերիկացի զինծառայողներ 23-ամյա Սթոունը և Սկարլատոսը, և նրանց միացած ընկերը՝ բժշկական ինստիտուտի 22-ամյա ուսանող Սեդլերը, նստեցին 15:17-ին Ամստերդամից Փարիզ մեկնող գնացքը:

Երբ գնացքը հատել է Ֆրանսիայի սահմանը, զուգարանից դուրս է եկել 270 փամփուշտ ունեցող Կալաշնիկովի ինքնաձիգով և պայթուցիկով զինված 25-ամյա մարոկացի Այուբ Էլ Ղազանին և սկսել է կրակել ուղևորների վրա: Նրան փորձել է դիմադրել 51-ամյա հայազգի Մարկ Մուղալյանը, որին հանցագործը ծանր վիրավորել է: Սթոունն ու Սկարլատոսը, 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանի հետ կարողացել են վնասազերծել ահաբեկչին:

Բախման ժամանակ ահաբեկիչը դանակով հարվածել էր Սթոունի ձեռքին, գլխին և պարանոցին: Մինչդեռ Սթոունը փորձում էր կանգնեցնել Մուղալյանի ուժգին արյունահոսությունը՝ նա վիրավորվել էր պարանոցից: Միայն բանակում ստացած Սթոունի բուժպատրաստության շնորհիվ հաջողվեց փրկել Մուղալյանի կյանքը: Մտցնելով մատները վերքի խորքը, նա մատներով սեղմեց վիրավորի արյունատար անոթը, կանգնեցնելով արյունահոսությունը, ու պահեց մինչև ոստիկանների և բժիշկների ժամանումը, պատմում է պարբերականը:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի::

Իսթվուդը, ցանկանալով ֆիլմ նկարահանել այդ իրադարձությունների մասին, սկզբից գնաց ավանդական ճանապարհով և քասթինգ հայտարարեց: Նույնիսկ հայտնի դարձավ, որ 3 գլխավոր դերի համար կհրավիրվեն Քրիս Հեմսվորթը, Զակ Էֆրոնն ու Մայքլ Բակարի Ջորդանը: Սակայն, հետո Իսթվուդը որոշեց, որ այդ միջադեպի մասնակիցներն իրենք պետք է նկարահանվեն ֆիլմում:

Քննադատական գնահատականների Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը 26 տոկոս է, ինչը ցածր է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորի ֆիլմի համար, սակայն ոչ աղետալի: Իսկ Լոնդոնի Times-ն ավելի կտրուկ է արտահայտվել՝ «Իսթվուդի վատագույն ֆիլմը» համարելով: Գլխավոր թերությունը համարում են այն, որ գլխավոր դերակատարները հենց պատմության հերոսներն են: