17 փետրվարի 2018 - 14:24 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքերն Աֆրինում քլոր են կիրառել բնակիչների դեմ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Աֆրինում թունավոր նյութեր են կիրառել, ինչի արդյունքում վեց մարդ է հոսպիտալացվել: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, մյուս չորսի ինքնազգացողությունը կայունացել է: «Մենք այժմ փորձում ենք պարզել, թե ինչ թունավոր գազ է կիրառվել գնդակոծության ժամանակ», - ասել են սիրիացի բժիշկները:

Քրդական Firat լրատվամիջոցի փոխանցմամբ, սիրիացի բժիշկները եկել են եզրահանգման, որ թուրքերը և նրանց աջակցող զինյալները քաղաքացիականների նկատմամբ քլոր են կիրառել:

Հունվարի 20-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: