17 փետրվարի 2018 - 15:15 AMT
Քրդերը հերքում են. Սիրիայի կառավարության հետ չեն բանակցել

Քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) բանակցություններ չեն վարել Աֆրին և մերձակա բնակավայրեր Սիրիայի բանակի մուտք գործելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է YPG հրամանատարներից մեկը՝ Ռոժհատ Ռոժը:

«Տեղեկատվությունն այն մասին, որ սիրիացի զինվորականները պատրաստվում են Աֆրին մտնել, չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք բանակցել սիրիական կառավարության հետ այդ հարցի շուրջ և համապատասխանաբար, ոչ մի պայմանագիր չենք կնքել»,-ասել է Ռոժը, գրում է Lenta.ru-ն Sputnik-ի վրա հղումով:

Ավելի վաղ «Ալ Մայադին» հեռուստաալիքը սեփական իրազեկ աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը և քրդերի ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական զորքերը կմտնեն Աֆրին՝ պաշտպանելու համար այդ շրջանը: Ըստ աղբյուրի, որոշումն ընդունվել է առաջին հերթին Թուրքիայի և նրա դաշնակից ուժերի հարձակումները հետ մղելու նպատակով:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: