19 փետրվարի 2018 - 10:29 AMT
Նախագահ. Ոչ թե ՀՀ-ն, այլ ԵՄ-ն է հրաժարվել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց

Ոչ թե Հայաստանն է հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, այլ ԵՄ-ն: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի՝ 2013-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասել է, որ երբ «և՛,և՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ կա՛մ»-ի սկզբունքով, ՀՀ-ն չէր կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր:

«Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատարությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագիր ստորագրելուց»,- ասել է նախագահը:

Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները գաղտնի բանակցություններ չեն վարել որևէ մեկի հետ:

«Մենք որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, և ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձելը ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,- եզրափակել է նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն`մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների: