19 փետրվարի 2018 - 11:32 AMT
Յուրի Իսրայելյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին և 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։

50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Չնայած քառորդ եզրափակչում նա պարտվել է ֆրանսիացի Ռոման Վալադիերին, սակայն հետո հաղթել է սփոփիչ գոտեմարտերում և 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստացել, հայտնում է «Ա1+»-ը:

Բրոնզե մեդալի համար վճռորոշ մարտում Յուրի Իսրայելյանը լրացուցիչ մրցափուլում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և ի վերջո բարձրացել պատվո պատվանդանի 3-րդ հորիզոնականին: Ի դեպ, առաջին փուլում նա նույնպես պարտության էր մատնել Ադրբեջանի ներկայացուցչին:

Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։

ՀՀ-ն ներկայացնող մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) և Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:

Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։