19 փետրվարի 2018 - 12:58 AMT
«Դովլաթով» ֆիլմը 2-րդն է Բեռլինալեի կինոքննադատների վարկանիշում

Հայկական արմատներով խորհրդային շրջանի հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի մասին ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի ֆիլմը 2-րդ տեղն է գրավել Բեռլինի կինոփառատոնի մրցութային ֆիլմերի վարկանիշում՝ ըստ կինոքննադատների:

«Դովլաթով» ֆիլմը մասնակցում է Բեռլինալեի հիմնական մրցույթին և կպայքարի «Ոսկե արջի» համար Գաս Վան Սենթի, Բենուա Շակոյի և Ուես Անդերսոնի ֆիլմերի հետ մեկտեղ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դովլաթով» ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում է գրողի կյանքի չորս օրվա մասին՝ 1971 թվականին Լենինգրադում: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 17-ին Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում:

«Դովլաթովը» վարկանիշում 2,7 միավոր է ստացել: Առաջ է միայն Ուես Անդերսոնի անիմացիոն «Շների կղզին», որի վարկանիշը 3,2 միավոր է:

Ֆիմլը էկրան կբարձրանա մարտի 1-ին:

Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ: Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: