19 փետրվարի 2018 - 13:02 AMT
Հայկական ընկերությունը Հնդկաստանում ինժեներական լաբորատորիա կհիմնի

Ինֆորմացիոն ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կհիմնի նաև Հնդկաստանում: Այս մասին հայտնում է միության մամուլի ծառայությունը:

Հայաստանն ու Հնդկաստանը լաբորատորիա հիմնելու մասին հուշագիրը ստորագրել են փետրվարի 19-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2018): Այն անցկացվում է Հնդկաստանում՝ փետրվարի 18-22-ը:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014 թվականից: Մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է մոտ220«Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5000 դպրոցական:

Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում: