19 փետրվարի 2018 - 13:39 AMT
BAFTA-ի դափնեկիրները հայտնի են

Մարտին Մաքդոնահի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմանին» ֆիլմը հաղթող է ճանաչվել Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի ակադեմիայի՝ BAFTA մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Թագավորական «Ալբերտ հոլում»:

Քրեական դրաման պատմում է ամերիկուհի Միլդրեդ Հեյսի պատմությունը, որը փորձում է հասնել նրան, որ իր դստեր բռնաբարության և սպանության մասին քրգործով հետաքննությունը վերսկսվի: Իր խնդրին իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելու համար գլխավոր հերոսուհին 3 գովազդային վահանակ է վարձակալում քաղաքի ծայրամասում՝ կոչ տեղադրելով ոստիկանության շերիֆին:

9 անվանակարգում ներկայացված ֆիլմը հաղթող է ճանաչվել 5 անվանակարգում, մասնավորապես, ճանաչվելով լավագույն ֆիլմ և լավագույն բրիտանական ֆիլմ: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է 60-ամյա ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը կատարել է գլխավոր դերը: Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն դերակատարման համար մրցանկին է արժանացել Սեմ Ռոքուելը սպա Դիքսոնի դերի համար: Ժապավենի սցենարը նույնպես լավագույնն է ճանաչվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի BAFTA ակադեմիան անկախ բարեգործական կազմակերպություն է, որը աջակցում է, զարգացնում և քարոզում է կինոն՝ պարգևատրելով լավագույն նմուշները: