19 փետրվարի 2018 - 15:23 AMT
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը. Բողոքել են Ցեղասպանության վերաբերյալ նախագծերից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու նախագծի վերաբերյալ: Այս մասին գրում է Sputnik-ը:

Երկրի ԱԳՆ է կանչվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն: Հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պնդել է, թե նախագծերը պատրաստվել են հայամետ քաղաքական գործիչների կողմից, որոնք կրում են տեղի հայկական լոբբիի ազդեցությունը:

Նիդերլանդների խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև։ Դրանցից առաջինով ճանաչվում է Հայոց ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Բանաձևերը դեռևս ընդունված չեն խորհրդարանի ստորին պալատի կողմից։

Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։