19 փետրվարի 2018 - 14:35 AMT
Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կգործի 2018-ի սեպտեմբերից. $11 մլն ներդրում է արվել

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենիմասնագիտացված դպրոց է գործելու։ Ներկայումս դպրոցի շինարարական աշխատանքներն են ընթանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Դա իրականացվում է հատուկ ծրագրով, և չինական կողմը կատարել է մոտ 11 մլն դոլարի ներդրում։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին», - տեղեկացրել է Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարը հստակեցրել է, որ դպրոցը սովորական հայկական դպրոց է լինելու, սակայն չինարենը երեխաները կանցնեն 5-րդ դասարանից։

«Դպրոցը պարզապես խորացված չինարեն է ուսուցանելու։ Չինական կողմը, բացի այդ օգնությունից, կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չինարենը որպես մասնագիտություն կարող է ներդրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Այդ հարցը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հանդիպմանը ՀՀ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուայի և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիի հետ հանդիպմանը: