2 մարտի 2018 - 15:54 AMT
ԱԶԲ-ն $32 մլն վարկ է տրամադրել «Սպայկային»

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ և 2 միլիոն կգ համապատասխանաբար:

Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում, հայտնում է Aysor.am-ը:

«Գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար», - ասել է պարոն Ռոզենթալը:

Այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել «Սպայկա» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության և մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով և արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ:

Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միևնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան և հաճախորդների ցանցը:

«ԱԶԲ-ի կողմից տրամադրված վարկը կենսական նշանակություն ունի «Սպայկա» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ջրային ռեսուրսները», - ասել է Ղազարյանը:

Նա հավելել է, որ վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր:

Ծրագիրը նաև կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող և արտահանող, և կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր: