6 մարտի 2018 - 16:57 AMT
Հռոմում մետրոյի կառուցման ժամանակ II դարի առանձնատուն են գտել

Հռոմում մետրոյի կայարանի կառուցման ընթացքում հնագետները II դարի առանձնատուն են գտել: Հետազոտողները կարծում են, որ տունը պատկանել է կայսր Ադրիանի գեներալներից մեկին:

«Ամբա Արադամ» կայարանում, 12 մ խորությամբ հնագետները հայտնաբերել են զորավարի առանձատունը: Տան մակերեսը մոտ 300 քմ է, այն ունեցել է 14 սենյակ: Հատակը սալապատված է սև-սպիտակ խճանկարով, պատերը զարդարված են որմնանկարներով ու մարմարե սալիկներով: Սենյակները տեղակայված են քառակուսի ատրիումի շուրջ, որի կենտրոնում հնագետները շատրվանի մնացորդներ են պեղել, գրում է N+1-ը Ansa թերթի վրա հղումով:

Հայտնաբերվել են նաև մի շինության փլատակներ, որը ծառայել է որպես սառնարան-պահեստ: Այդ են վկայում մեկուսացնող խողովակներն և ջրի պահեստարանները: Հայտնաբերվել են նաև շինարարական գործիքներ, ոսկե մատանիներ և հմայիլներ:

Առանձնատունն ու պահեստը, հավանաբար, քանդվել էն III դարում: 272-75 թթ. Հռոմում նոր միջնաբերդի կառուցման ժամանակ պարսպապատի պարագծում գտնվող բոլոր շինությունները քանդվել են, որպեսզի թշնամիները չկարողանան դրանք որպես թաքստոց օգտագործել: