13 մարտի 2018 - 17:09 AMT
Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Թիլերսոնին՝ փոխարենը նշանակելով ԿՀՎ տնօրենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է պաշտոնից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այդ մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Արդեն հայտնի է, թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը՝ դա կլինի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:

«Մայք Պոմպեոն, ԿՀՎ տնօրենը, կլինի մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հոսփելը կդառնա ԿՀՎ տնօրեն և առաջին կինը կլինի այդ պաշտոնում: Շնորհավորում եմ բոլորին»,-ասվում է Թրամփի գրառման մեջ:

Ջինա Հոսփելը ԿՀՎ տնօրենի տեղակալն էր: Նա առաջին կինը կլինի այդ պաշտոնում ԱՄՆ պատմության մեջ: Թրամփը նշել է, որ Պոմպեոն և Հոսփելը երկար տարիներ աշխատել են միասին և փոխադարձ մեծ հարգանք ունեն, գրում է «Դոժդը» The Washington Post-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ վերադասավորումներն ազգային անվտանգության կառավարման ոլորտում կատարվել են Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ բանակցությունների ֆոնին:

Թիլերսոնը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2017-ի փետրվարից: Պոմպեոն նշանակվել էր ԿՀՎ տնօրեն 2017-ի հունվարին, երբ Թրամփը նախագահ դարձավ: