13 մարտի 2018 - 17:56 AMT
Զեկույց. Հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, հիմնվելով 2011-2017 թվականներին իր հրապարակած «Կովկասյան բարոմետր» զեկույցների շարքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Life in Transition Survey (LiTS) հարցման վրա, վերլուծել է ժողովրդավարության և պետական ինստիտուտների հանրային ընկալումը Հայաստանում: Վերլուծության համաձայն՝ հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

Հետազոտական հարցումներին մասնակցածների 51%-ի կարծիքով, երկիրը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 39%-ը կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն իրականացնում երկրում:

Հայաստանում քաղաքացիների ընդամենը 9%-ն է կարծում, որ երկրում իրականացվում են ազատ և թափանցիկ ընտրություններ: Միայն 35%-ն է կարծում, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, իսկ ազատ մամուլ՝ 28%-ը: Երկրում օրենքի ուժին հավատում է հայաստանցիների ընդամենը 20%-ը, արդարադատությանը և քաղաքական ընդդիմությանը՝ 15%-ը:

Հարցվածների մոտ 40%-ը կարծում է, որ Հայաստանում կա գենդերային հավասարություն և խաղաղություն ու կայունություն: