14 մարտի 2018 - 12:53 AMT
Կոսաչով. ՌԴ-ն նույն ծավալով զենք չի վաճառի Ադրբեջանին, որը կար մինչև 2016-ի ապրիլը

ՌԴ-ն արձագանքում է այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա: Այդ մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն դատապարտում ԱՄՆ-ին Ուկրաինային զենք վաճառելու համար՝ պնդելով, որ հակամարտող երկրին չի կարելի զենք վաճառել, մինչդեռ ինքը Ադրբեջանին 2011-թվականից մոտ 5 միլիարդի զենք է վաճառել:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ուկրաինայում, մասնավորապես, հարավ-արևելքում իրավիճակն ավելի թեժ է, որտեղ անընդհատ կրակոցներ են հնչում: Բարեբախտաբար, ԼՂ կոնֆլկտը կարծում եմ՝ այդ ֆազայում չի գտնվում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ բոլորը հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, ու 2016 թվականի ապրիլի իրադարձությունները դրա ապացույցն էին:

«Այժմ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թ. ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան: Բայց այն իրավիճակը, որը եղել է մինչև 2016 թ. ապրիլը, իմ ունեցած տեղեկություններով՝ հետագայում չի վերարտադրվելու այն մասշտաբներով, որոնցով իրականացվում էր մինչ այդ: Մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա», - ասել է նա:

Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ նոր պայմանագրերի մանրամասները, այդ ուղղությամբ սահմանափակումներ չկան:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի: