19 մարտի 2018 - 13:58 AMT
Լեհաստանի Սենատի պատվիրակությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը մարտի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունում:

Մարեկ Ռոցկին, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության համար, նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ և հավելել, որ ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան:

«Տպավորված եմ: Դժվար է այստեղից անտարբեր դուրս գալ»,- ասել է Մարեկ Ռոցկին:

Պատվիրակության անդամներին ուղեկցում էին ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը: