20 մարտի 2018 - 12:45 AMT
Աբրահամը կմենամարտի դանիացի Նիլսենի հետ. Հաղթողը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված. «Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար»:

Աբրահամը նշել է, որ Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: «Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը, ասվում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակի հաղորդագրության մեջ:

Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին: