20 մարտի 2018 - 13:07 AMT
3 մլն դրամ պետբույջեից՝ քայլարշավային երթուղիների ստեղծմանը

Կառավարությունը3 մլն դրամ է հատկացրել քայլարշավային երթուղի մշակելու համար: Այս մասին նշված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի մասին:

Նշվում է, որ իրականացվել է 20 երթուղու քարտեզագրման գործընթացը։

«Կարևորելով Հայաստանի քայլարշավային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները 2015 թվականից սկած «Նատուրա տուր» ՍՊԸ-ն Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից ժամանած փորձագետների հետ միասին գնահատել է Հայաստանում առկա 140 (քայլարշավային, հեծանվային և լեռնադահուկային) երթուղի, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության նորմերին և օգտագործելի են զբոսաշրջության նպատակներով»,- նշվում է նախագծի մեջ:

Հայաստանի քայլարշավային զբոսաշրջությունը խթանելու նպատակով, բարձր վարկանիշ ունեցող www.wikiloc.com կայքում, վերբեռնվել է ՀՀ տարբեր մարզերում առկա մոտ 100 քայլարշավային երթուղի, որոնց շնորհիվ բազմաթիվ արշավականներ այցելել են Հայաստան և օգտվել կայքում տեղակայված տեղեկատվությունից։