20 մարտի 2018 - 13:32 AMT
Տնտեսական ֆորում և աշխարհահռչակ երաժիշտների համերգ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում:

Նախարարը նշել է, որ, ցանկանալով Երևանի գագաթնաժողովին հաղորդել հարուստ և բազմաշերտ բովանդակություն, գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ:

Գագաթնաժողովի կարևոր միջոցառումներից մեկը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է լինելու: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների և մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու և գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց»,-նշել է ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ Հայաստանը ցանկանում է, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը:

Նախարարը նշել է, որ «Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները:«Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և ընդգծելով միասին ապրելու ունակության կարևորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, հայկական կողմն ակնկալում է նաև աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարը:

Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը: