20 մարտի 2018 - 14:41 AMT
Վեդու ջրամբարը նախատեսվածից շուտ շահագործման կհանձնվի

Վեդու ջրամբարի կառուցումը կբացառի Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի տեղեկացմամբ` ջրամբարի շինարարությունը շուրջ 1 տարի ընթացքի մեջ է, և աշխատանքները սահմանված գրաֆիկից 6 ամիս առաջ են ընկել, բացի այդ արդեն կարող են նշել, որ ջրամբարը նախատեսված 29 մլն խմ-ից նվազագույնը 2 մլն խմ -ով ավելի տարողունակ կլինի: Թեև ջրամբարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2021 թվականի մայիսին, սակայն Ջրպետկոմի ղեկավարը հույս է հայտնել, որ այն պատրաստ կլինի արդեն 2020 թվականի տարեվերջին:

Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ջրամբարի կառուցումը երաշխավորված ջրի կուտակում և ավելի ճիշտ կազմակերպված ոռոգում կապահովի: «Այսօր հաճախ ստիպված ենք լինում Սևանա լճից ջուր բաց թողնել, իսկ Վեդու ջրամբարի կառուցումը կբացառի այդ խնդիրը, ինչը բնակլիմայական և Սևանի էկոհամակարգի վերականգման առումով շատ կարևոր լուծում է: Ծրագիրը նաև երկրորդ փուլ ունի, որի ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային միջոցներով ջրամբարին հարակից համայնքների hողերը կխոշորացվեն, կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն, ինչը հնարավորություն կտա այդ համայնքերում նվազեցնել ծախսերը և ավելի հեռավոր համայնքներին ավելի շատ ջուր հասցնել», - հավելել է նախարարը:

Արսեն Հարությունյանը հավելել է, որ ջրամբարի շահագործարկման արդյունքում մոտ 8 համայնք` 3200 հեկտար հողատարածքներ, ամբողջությամբ կապահովվեն ջրով, ինչի արդյունքում Սևանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն խմ կտրամադրվի այլ համայնքներում ջրամատակարարման ապահովմանը, 8 խորքային հորեր ամբողջությամբ կապամոնտաժվեն, ինչը հնարավորություն կտա նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն ունենալ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ ջրամբարների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու. մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր ջրամբարի կառուցման ծրագիր է իրականացվելու, քննարկման փուլում են նաև պետական ծրագրեր:

«Վեդու ջրամբարը 4000 և ավելի ինքնահոս ջրատարներով ոռոգում է ապահովելու, ամբողջը փակ ցիկլով է լինելու: Բացի դրանից, նաև մենք կարողանալու ենք կաթիլային ոռոգում իրականացնել այս տարածաշրջանում, որը բավականին էֆեկտիվ կլինի և կարծում եմ, որ սա վարակիչ կլինի գյուղացիների համար, որոնք կփորձեն նաև իրենց տարածքներում կաթիլային ոռոգում իրականացնել», - նշել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Բացի Վեդու ջրամբարի գործարկման արդյունքում մշակովի հողատարածքների ընդարձակումից, մարզում նախատեսվում է ավելացնել նաև ինտենսիվ այգիների, ինչպես նաև ջերմոցային և սառնարանային տնտեսությունների տարածքները:

Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: