Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրամանների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահման փաստեր, որոնց նպատակն է անհաճո տեսակետի վերացումը երկրում: Այդ մասին ասվում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի աշխատասենյակի զեկույցում:
Փաստաթուղթը կազմվել է 2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում իրավիճակի վերլուծության հիման վրա, գրում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթում ասվում է, որ սովորական են դարձել արտակարգ դրության երկարացումները, որի հետևանքով լրջորեն խախտվում են մարդու իրավունքները: Դա և աշխատանքի իրավունքից ապօրինի զրկվելն է, և ազատ տեղաշարժի սահմանափակումը, ինչպես նաև խոշտանգումները, կամային ձերբակալությունները, հավաքների և արտահայտվելու ազատության սահմանափակումները և այլն: Արտակարգ դրության հետագա երկարացումը կարող է ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ իրավիճակի վրա երկրում:
Փորձագետները խոստովանում են, որ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման հետևանքով Թուրքիան մեծ խնդիրների առջև է կանգնել:
Ըստ ՄԱԿ փորձագետների, Թուրքիան պետք է վերացնի արտակարգ դրությունը, վերսկսի ինստիտուտների բնականոն աշխատանքը և չեղարկի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին:
2016-ի անհաջող հեղաշրջման փորձին հաջորդած մեկ տարում Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել կամ պետական ծառայությունից հեռացրել են ավելի քան 150.000 մարդու: Բացի այդ, մոտ 50.000 մարդ կալանավորվել է հեղաշրջման մասնակիցների հետ կապեր ունենալու կասկածանքով:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում են ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է մոտ 240 մարդ, 2.200 տուժել է: Ինքը Գյուլենը հերքում է իր մեղսակցությունը 2016-ի հուլիսի 15-ի իրադարձություններին: