20 մարտի 2018 - 16:03 AMT
Էրդողան. Թուրքիան կշարունակի գործողությունն Աֆրինում

Թուրքիայի զինված ուժերն ու նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն ռազմական գործողությունն Աֆրինում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքական զորքերն ու Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն գործողությունն Աֆրինում՝ մաքրելով այն ականներից ու պայթուցիկներից, ինչպես նաև ապահովելով անվտանգությունն ու իրավիճակի կայունացումը քաղաքում»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Daily Sabah թերթի վրա հղումով:

Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն Աֆրինում գործողության վերաբերյալ: «Հիմա ԱՄՆ-ն ասում է, թե մտահոգված է Աֆրինի իրավիճակով: Ո՞ւր էիք, երբ մենք մեր մտավախություններն էինք հայտնում, երբ խնդրում էինք միասին պայքարել զինյալ ջոկատների դեմ»,-ասել է Էրդողանը՝ կոչ անելով ԱՄՆ-ին հարգել Թուրքիային, եթե Վաշինգտոնը «ռազմավարական դաշնակից է համարում» Անկարային: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին զենք մատակարարելու համար:

ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ասվում էր, որ ռազմական գործողություններն Աֆրինում «առավելապես ազդում են քաղաքի քուրդ բնակչության վրա, որը տարհանվել է Թուրքիայի զինված ուժերի և նրա կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի հարձակմանը ենթարկվելու սպառնալիքի պատճառով»:

Սիրիայի ազատ բանակի խմբավորումներն ու Թուրքիայի զինվորականները մտել են Աֆրին և լիակատար հսկողություն սահմանել քաղաքում: Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված էր թուրքական զորքերի կողմից:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: