20 մարտի 2018 - 16:13 AMT
Երևանում հանրային զուգարաններ կտեղադրվեն

Երևանի հատկապես մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում հանրային զուգարաններ կստեղծվեն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասախան հանձնարարական է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա հանձնարարել է նաև առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ:

«Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներով հագեցած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին, անշուշտ, բերելու է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, անհրաժեշտ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրել զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր: Ըստ այդմ, հնարավորին կարճ ժամկետում կազմակերպեք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առաջիկայում այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերին», - ասել է Տարոն Մարգարյանը: