20 մարտի 2018 - 18:16 AMT
«Էրեբունի» թանգարանի հարակից տարածքը կբարեկարգվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արգելոց-թանգարանի բարեկագրման աշխատանքների կազմակերպմամբ կզբաղվեն քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունները:

Աշխատանքներին կներգրավվի նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը:

Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ․թ․ա․ 782-ին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը։