ԱՄՆ-ը հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ կտրամադրի որոշ արտադրատեսակների արտահանման համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Նշվում է, որ հարցը քննարկվել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում: Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև փոքր ու միջին արտահանողների համար փաստաթղթավորման գործընթացը դյուրացնելու հարցը:
«Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև դիվերսիֆիկացում», - նշել է փոխնախարարը:
Հայկական կողմը հավաստիացրել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Երևանին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության զարգացման հարցում:
2017 թվականին ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը գերազանցել է $200 մլն-ը, ինչը 70%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: