21 մարտի 2018 - 10:39 AMT
ԱՆ. Չարորակ նորագոյացություններից մահացությունը ՀՀ-ում շատ երկրների համեմատ ցածր է

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր են։ Այդ մասին հայտարարում է առողջապահության նախարարությունը՝ հերքելով առանձին լրատվամիջոցներում շրջանառվող ոչ հավաստի տվյալներն այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող European Health Information Gateway պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

European Health Information Gateway տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:

Համաձայն դրանց Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2:

Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:

2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, մոտ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավմամբ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, մոտ 7%-ով նվազումը: