21 մարտի 2018 - 10:54 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի ԵԱ միանձնյա առաջատար

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մարտի 20-ին կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը երեք հաղթանակ էր տարել մեկնարկում, սպիտակներով առավելության է հասել խորվաթ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի նկատմամբ: Նա վաստակել է 4 միավոր և դարձել է միանձնյա առաջատար, քանի որ համաքայլ ընթացող մյուս չորս շախմատիստները ոչ ոքի են խաղացել և կեսական միավոր են կորցրել, հայտնում է «Ա1+»-ը:

Առաջատարներին հետապնդող ՀՀ երեք պատվիրակներից հաղթանակ է տարել միայն Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության է մատնել Հրանտ Մելքումյանին: Գաբրիել Սարգսյանը հաշտություն է կնքել Վրաստանի ներկայացուցիչ Միխաիլ Մչեդլիշվիլու հետ և նույնպես զիջել դիրքերը՝ 12-րդ տեղից նահանջելով 15-րդ հորիզոնական:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող առաջնությունը բաղկացած է 11 տուրից: Այն ավարտվելու է մարտի 28-ին: