21 մարտի 2018 - 11:02 AMT
ԶՈւ 7-ամյա ծրագիր. Ադրբեջանը կշարունակի լարված պահել իրավիճակը շփման գծում

Հրապարակվել ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: Դրա առաջնահերթ խնդիրներից է ԼՂ հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու հավանական սցենարին հակազդումը:

Նշվում է, որ չնայած Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը, դրա վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:

«Ադրբեջանը կշարունակի ռազմականացման և սպառազինությունների մրցավազք հրահրելու և «ակտիվ սահամանի» քաղաքականությունը՝ մշտապես բարձր պահելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը, գնելով հարձակողական բնույթի նոր, բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, իրականացնելով ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստություն», - նշվում է ծրագրում:

Նշվում է նաև, որ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները շարունակում են Հայաստանի կայուն և անվտանգ զարգացմանը խոչընդոտող անմիջական և հավանական սպառնալիքներ մնալ:

«Միջազգային հարաբերություններում կշարունակվի գործակցային մթնոլորտի թուլացման միտումը, կպահպանվեն ռազմաքաղաքական հակասություններն անվտանգության տարբեր կազմակերպությունների և պետությունների միջև, հարաբերություններում կոնֆլիկտայնության աստիճանը չի նվազի, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա բացասաբար ազդող անկայունության նոր օջախների ձևավորմանը», - ասվում է արդիականացման յոթամյա ծրագրում:

Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ըստ արդիականցման ծրագրի, կշարունակի բնութագրվել չկարգավորված հակամարտությունների առկայությամբ, կպահպանվի տարածաշրջանային անհանդուրժողականության մթնոլորտը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության վտանգը:

Արդիականցման ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ: