21 մարտի 2018 - 11:16 AMT
ՔԿՀ պաշտոնյան մեղադրվում է կաշառքի ու խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մեջ

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր: Դա հիմնավորվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ. Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ. Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել և վերջինիս փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ. Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը, 17.03.2018թ.-ին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր: 18.03.2018թ.-ին ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թմրամիջոցն ու պրեկուրսորը ապօրինի փոխադրել է աշխատավայր, սակայն նույն օրն առավոտյան դրանք անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, կալանավորվածներին պահելու վայրում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար Հ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 266-րդ հոդվածի 4.2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով: Դատարանի կողմից կալանքի միջնորդությունը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: