21 մարտի 2018 - 12:06 AMT
Տեխասում մարտի սկզբից 6 ռումբ է պայթել. Կան զոհեր և տուժածներ

Մարտի 20-ի երեկոյան Տեխասում 2 պայթյուն է որոտացել: Մի դեպքում FedEx-ի ծանրոց է պայթել Շերց քաղաքում, մեկ այլ դեպքում՝ կոմիսիոն խանութ առաքված ծանրոցը Տեխասի արվարձան Օսթինում:

Պայթյունների արդյունքում մի քանի մարդ թեթև վիրավորվել է: Նույն օրը Օսթինի օդանավակայանի FedEx-ի տեսակավորման կենտրոնում վնասազերծվել է պայթուցիկով ևս մեկ ծանրոց, գրում է Deutsche Welle-ն:

Մարտի սկզբից Տեխասում արդեն 6 ծանրոց է պայթել: Պայթյունների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4-ը վիրավորվել:

Քննիչները կարծում են, որ պայթյունների միջև կապ կա, որն է նպատակը, հայտնի չէ: Սկզբում ենթադրվում էր, որ ռասիստական մղումներ կարող են լինել այդ գործողությունների հիմքում, քանի որ զոհերն աֆրոամերիկացիներ և լատինամերիկացիներ են: Սակայն 3 պայթյուն անհասցե է եղել: Տեղեկությունների համար 115.000 դոլար պարգև են խոստանում: Բացի այդ ոստիկանությունն անսպասելի քայլի է գնացել՝ առաջարկելով պայթյունների կազմակերպչին կամ կազմակերպիչներին կապ հաստատել իրենց հետ: