21 մարտի 2018 - 14:06 AMT
Մալթայի կոռուպցիոն սկանդալին Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած կինն Աթենքում հանձնվել է իշխանություններին

Հունաստանում իշխանություններին է հանձնվել 35-ամյա Մարիա Եֆիմովան, որն, ինչպես կարծում են, առնչություն ունի պանամական օֆշորների մասին հրապարակումներով հայտնի մալթացի լրագրող Դաֆնա Քարուանա Գալիցիայի սպանության հետ: Եֆիմովան հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար: Նրան ձերբակալել են, քանի որ պարզվել է, որ Կիպրոսն ու Մալթան նրա կալանավորման թույլտվություն են տվել, հայտնում է currenttime.tv-ին:

Դաֆնա Քարուանա Գալիցիան սպանվել է 2017-ի հոկտեմբերի 16-ին Մալթայում՝ նրա ավտոմեքենայի մեջ ռումբ էին դրել: Սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Հայտնի է միայն, որ Պանամական արխիվի հրապարակումից հետո, հենց Գալիացիան էր մեղադրել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի թիմակիցներին ու կնոջը օֆշորային ընկերություններ ունենալու և Ադրբեջանի նախագահական ընտանիքից խոշոր գումարներ ստանալու մեջ:

Եֆիմովան Մալթայի Pilatus Bank-ի նախկին աշխատակից է, որտեղ աշխատել է ընդամենը 3 ամիս:

Ոստիկանությունը կարծում է, որ Եֆիմովան լրագրողուհուն տեղեկություններ է հաղորդել միջոցների լվացման մասին: Մասնավորապես այն մասին, թե ինչպես են գումարները դուրս բերվում Ադրբեջանից Մալթայում տարբեր ֆինանսական կառույցների միջոցով, ինչպես նաև այն մասին, թե ինչ կապեր ունեն Մալթայի և Ադրբեջանի իշխանությունները:

Փաստաթղթերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի նախագահական ընտանիքի կողմից 1 մլն եվրոյի փոխանցմանը Մալթայի վարչապետի կնոջ՝ Միշել Մուսկատի հաշվեհամարին:

Ըստ Guardian-ի, Եֆիմովան փորձել է կացության իրավունք ստանալ Հունաստանում: Մինչ այդ նա Մալթայում էր ապրում, որտեղից մեկնել է 2017-ին, Գալիցիայի սպանությունից հետո տեղափոխվելով Կրետե: Սակայն կղզու իշխանությունները նրան կացության իրավունք չեն տվել: Եֆիմովայի ամուսինը հայտարարել է, որ նա վախենում է իր կյանքի համար:

Pilatus Bank-ը մեղադրում է Եֆիմովային հափշտակության մեջ՝ ի պատասխան ռուսաստանցի կինը հակադարձ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ բանկը չի վճարել իր աշխատավարձը: Կնոջը յուրացման մեջ է մեղադրում նաև կիպրոսյան Fragrance Distribution ընկերությունը Լիմասոլից, որտեղ Եֆիմովան աշխատել է նախկինում: Եֆիմովան հերքում է բոլոր մեղադրանքները:

Այժմ Հունաստանի իշխանությունները պետք է որոշեն՝կարտահանձնվի՞ Եֆիմովան և որ երկիր՝ Մալթա թե Կրետե: Սակայն Եվրախորհդարանի որոշ անդամներ պնդում են, որ կինը պետք է ապաստան ստանա և ցուցմունքներ տա:

Գալիցիան պարզել էր, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է: Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի: Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին «Պանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել 2013 թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց: Երրորդ կեղծ ընկերությունը՝ «Էգրանտը», ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից»: Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014 թ. Մալթա կատարած նրանց այցի ժամանակ:

Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել էր՝ մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը: Օգնականը հայտնել է թղթակցին, որ «նրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն, և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին: Դրանց թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը», մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի:

Ընթերցեք նաև.Սասունյան. Մալթայի բանկի աշխատակիցը բացահայտել է Ալիևների բանկային հաշիվների փաստաթղթերը