21 մարտի 2018 - 15:31 AMT
Հայերը վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիները

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիներից մի քանիսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Վոլոգդայի շրջանի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը:

Մասնավորապես նահանգապետը պատմել է պատրիարքին, որ հայ համայնքի նախաձեռնությամբ և նրա միջոցներով վերականգնվում է Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ռուսական եկեղեցին, գրում է ՌԲԿ-ն:

«Շեկսնա գյուղում հայ համայնքի ներկայացուցիչներն ամբողջությամբ սեփական միջոցներով վերականգնում են գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի եկեղեցին: Նույն հայերը վերանորոգել են նաև Սիզմա գյուղի եկեղեցին»,-ասել է Կուվշիննիկովը:

Շեկսնայի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են տեղաբնակ հայ բարերարներ՝ եղբայրներ Ատոմյանների կողմից 2016-ին: Շինության արտաքին տեսքի վերականգնումն արդեն ավարտված է:

Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ուղղափառ եկեղեցին կառուցվել է XVI դարում: 1937-ին այն փակվել է, իսկ տարածքում երկար տարիներ գործել է մշակույթի տունը: