21 մարտի 2018 - 15:36 AMT
ՀՀ-ում էլէներգիայով աշխատող մեքենաների համար ենթակառուցվածքներ կստեղծվեն

Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքներ կստեծղվեն: Համապատասխան նախիգծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է Հայաստանում նվազագույն կիրառման հասցնել ածխաջրածնային շարժիչային վառելիքներով աշխատող մեքենաների թիվը: Նախատեսվում է նաև խթանել ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների՝ կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ոչ ածխաջրածնային հիմքով ջրածին և էլեկտրական էներգիա, առավելագույն մրցունակ կիրառման համար պայմանների ստեղծումը:

Նշվում է, որ համապատասխան նախադրյալների ստեղծումը չի ենթադրում պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում` դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: