21 մարտի 2018 - 16:26 AMT
Նախարար. ՀՀ-ում միջուկային էներգիայի արտադրությունը 10%-ով կավելանա

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10%-ով: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, ներկայում ՀՀ-ում էներգիայի ներքին սպառման կառուցվածքում երեք արտադրական հզորություն հավասարաչափ է բաշխված:

«Միջուկային էներգիայի մասնաբաժինը կազմում է մոտ 33%, ջրային աղբյուրներից արտադրվող հոսանքի մասնաբաժինը և գազայինը ևս 33-ական տոկոս են կազմում: Առաջիկա տարիներին՝ 2020-21 թվականներին, միջուկային էներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում կկազմի 40-41%», - նշել է նախարարը:

Ի պատասխան ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու Սերժ Սարգսյանի հայտարարության մասին հարցին, Մանուկյանն ասել է, որ չի կարծում, թե 2-րդ էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար է:

«Ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո, որից հետո կարող ենք որոշել, թե որքան կյանք այն կարող է ունենալ: Հիմա կառուցել նոր էներգաբլոկ, եթե ունենք գործողը, որը կարող է անխափան ու անվտանգ շահագործվել տարիներ, որքանո՞վ է դա նպատակահարմար։ Միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, և եթե սրանից 5 տարի առաջ մենք ունեինք այլընտրանք երկու տարբեր տեխնոլոգիաների միջև, այսօր ունենք առնվազն 5 այլընտրանք, որոնցից յուրաքանչյուր հաջորդն ավելի անվտանգ է, ավելի հուսալի է, հետևաբար, կառավության որոշումը եղել է հետևյալը՝ շահագործել գործող էներգաբլոկը որքան հնարավոր է, որից հետո կորոշենք, թե երբ կառուցել նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- պատասխանել է նախարարը։