21 մարտի 2018 - 17:31 AMT
Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովը կոչ է արել ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Այդ մասին ասվում է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մեջ, որն ընդունվել է մարտի 20-21-ը Երևանում անցկացված նիստում:

«Քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա` արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար», - ասված է հայտարարությունում:

Երևանյան նիստի մասնակիցներն ընդգծել են բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը և լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, հաստատել աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հայտնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը:

«Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը, և հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և կայուն կարգավորման անբաժանելի մաս», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության նախագիծը ներկայացրել էր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, այն ընդունվել է միաձայն: Երևանյան նիստն ավարտվել է, որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Քվեբեկում հուլիսի 5-10-ը կայանալիք լիագումար նիստի շրջանակում: