22 մարտի 2018 - 09:26 AMT
ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մոտ 63%-ի զոհը երեխաներ են

Հայաստանում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

2015 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64%-ը), 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 %-ը), իսկ 2017-ին քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ (62,7%-ը):

«Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում»,- գրել է Սոնա Տռուզյանը: