22 մարտի 2018 - 11:42 AMT
Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է աշխատանքային այցով:

Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ:

Մինչ այդ Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը Անթիլիասում մասնակցել է նաև ՀՀ անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։ Նա երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։