22 մարտի 2018 - 12:12 AMT
Վարչապետ․ Մի քանի երկրի հետ վիզային ռեժիմի թուլացումն ուշացնում ենք

Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Եվրամիությունից ՀՀ-ն ծանուցում է ստացել, որ 2017- նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կարող են ուժի մեջ մտնել:

Այս համատեքստում վարչապետը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց` արդյոք արտգործնախարարությունն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է թուլացնել վիզային ռեժիմը, հայտնում է Aysor.am-ը:

Կարեն Կարապետյանը հարց է ուղղել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ներկայացրել է ԱԳՆ այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքերը հաստատել է նաև Շավարշ Քոչարյանը` նշելով, որ աշխատանքները տարվում են:

«Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - ամփոփել է վարչապետը:

Կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։