22 մարտի 2018 - 12:55 AMT
«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդես՝ Բեյրութում

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բացվել է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցումով մեկնարկած ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 լուսանկար, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներ և լիբանանցիներ:

Խոսելով «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մասին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել է, որ այն Երևանը ճանաչելու, նաև հիանալու յուրովի հնարավորություն է:

«Սա մի յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի մեջ, որը թույլ է տալիս լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում և թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը խորհրդային շրջանում և հիանալ Հայաստանի մայրաքաղաքի տեսքն ամբողջացնող ժամանակակից կառույցներով: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը շատերիդ կստիպի, որ անձամբ այցելեք մեր սիրելի քաղաք ու վայելեք այն ջերմությունն ու հմայքը, որ ունի 2800-ամյա Երևանը», - նշել է Արմինե Սարգսյանը:

«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Սփյուռքի հայաշատ այլ քաղաքներում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և ՀՀ մարզերում: